01.02.2025
Հունվարի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ Նարինե Մարգարյանը և Սեդա Պարսամյանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով այցելել են Լիբանան՝ մասնակցելու Հայկազյան համալսարանի 70-ամյակի միջոցառումներին։
Միջոցառումները մեկնարկեցին «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի` 2024 թվականի առաջին և երկրորդ համարների շնորհանդեսով: Շնորհանդեսին ելույթ ունեցավ ՀՑԹԻ-ի գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը: Նա շնորհավորեց Հայկազյան համալսարանի հիմնադրման 70-ամյակը և նշեց, որ ինչպես համալսարանը, այնպես էլ համալսարանի «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը առանձնահատուկ կարևորություն ունեն հայագիտության զարգացման գործում և համահայկական բնույթ ունենալով՝ յուրահատուկ կամուրջ են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Հունվարի 30-ին ՀՑԹԻ-ի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը Հայկազյան համալսարանում ներկայացրեց իր հեղինակած «Արևմտահայ կրթական ջանքերը. կրթական ցանցերը և արդյունքը ցեղասպանությունից առաջ» ցուցադրությունը: Ցուցադրությունում ներկայացված են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով:
Հունվարի 31-ին Հայկազյան համալսարանում Նարինե Մարգարյանը հանդես եկավ «Որբահավաք և որբախնամ աշխատանքները և հայապահպանութունը Մերձավոր Արևելքի որբանոցներում» խորագրով բանախոսությամբ:
Այս միջոցառումները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայկազյան համալսարանի միջև շարունակական և խորացող համագործակցության լավ օրինակներ են։