Գիտահետազոտական աշխատանքներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) նաև գիտահետազոտական կենտրոն է, այն ստեղծվել է 1995 թ. ՀՀ ԳԱԱ համակարգում, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի 1696-Ն որոշումով վերակազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի։
Ինստիտուտի մասնագիտացումը Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրումն է: Հիմնական աշխատանքներն ուղղված են պատմավավերագրական նյութերի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների գիտական հետազոտությանը և նոր տվյալների հավաքագրմանը: Ինստիտուտը նյութեր ու փաստաթղթեր է ձեռք բերում տարբեր միջազգային արխիվներից: Թանգարանը նաև հավաքում, համակարգում և մուտքագրում է ցեղասպանության ականատեսների վկայություններ: Պահվող փաստաթղթերը, վկայությունները թարգմանվում և հրատարակվում են ՀՑԹԻ-ի կողմից:
Կրթություն
Թանգարան-ինստիտուտի խնդիրներից է նաև միջազգային գիտական հաստատության և ցեղասպանագիտության դպրոցի ստեղծումը, թանգարան-ինստիտուտի ասպիրանտների ուսուցման խրախուսումը, մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ծավալված գիտական գործունեությանը: Սա ներառում է նաև անհրաժեշտ գիտական գործունեության հաստատում և համակարգում արտաքին աշխարհում անհրաժեշտ ընկալմանը հասնելու նպատակով, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացում, օտար ուսումնասիրողների, գիտնականների` Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտ ներգրավմամբ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը բաղկացած է հետևյալ բաժիններից.
1. Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժին
2. Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին
3. Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժին
4. Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժին
5. Գրահրատարակչական, խմբագրական և թվայնացման բաժին
6. Թանգարանային ֆոնդերի բաժին
7. Գիտական գրադարանի բաժին
8. Արտաքին կապերի և լրատվության բաժին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, հրատարակում պարբերականներ, գիտական ժողովածուներ, գրքեր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Իտալիայի, Ռուսաստանի և այլ երկրների տարբեր գիտական հաստատությունների հետ:
|