01.04.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Թիմ Լոութընը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: