Վերջերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ Սան Ֆրանցիսկոյի Վերահսկիչ խորհրդի 2021 թ. ապրիլի 24-ի հայտարարության բնօրինակը, որով Սան Ֆրանցիսկոյի Վերահսկիչ խորհուրդը (քաղաքային խորհուրդ) 2021 թ. ապրիլի 24-ը հռչակում է որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» Սան Ֆրանցիսկո քաղաք-շրջանում և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին հորդորում է պահպանել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես Ճանաչելու իր նախընտրական խոստումը: Միաժամանակ կոչ է արվում Սան Ֆրանցիսկոյի կրթական խորհրդին վերահաստատել իր պատրաստակամությունը Սան Ֆրանցիսկոյի հանրակրթական հաստատություններում Հայոց ցեղասպանության պատմական փաստերը դասավանդելու գործում:
Ընդունված հայտարությունում արձանագրվում է նաև, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ իրականացված Ադրբեջանի 44-օրյա կործանարար հարձակումը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության անմիջական արդյունքն է:
Սան Ֆրանցիսկոյի վերահսկիչ խորհուրդը խստորեն դատապարտում է նաև Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Հայ մշակութային կենտրոնի հրկիզումը, Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանի և դրան կից Հայկական կենտրոնի դեմ հակահայկական վանդալիզմի դրսևորումները:
Այսպիսով, ընդունված հայտարարությունը կարևորում է Հայոց ցեղասպանության ուսուցումը Սան Ֆրանցիսկոյի հանրակրթական հաստատություններում, դատապարտում Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության համար անպատժելիությունը, որը պարարտ հող է ստեղծում նմանատիպ նոր հանցագործությունների համար: