01.11.2017
Արևմտահայերի առաջին կոտորածներից անցել է ավելի քան 100 տարի: Աբդուլհամիդյան ժամանակաշրջանն անասելի հետևանքներ ունեցավ հայերի կյանքում, ինչպես նաև հող նախապատրաստեց հետագայում 1915 թ. Հայոց ցեղասպանության իրագործման համար:
Կոտորածներին զոհ են գնացել 300000 հայ: Արևմտահայերի կոտորածներից բացի ավերվել և հրկիզվել են նրանց մշակութային հաստատությունները, հատկապես՝ դպրոցներն ու եկեղեցիները, մեծ թիվ են կազմել նաև հայերի կրած նյութական կորուստները: Այդ իրադարձությունները մեծ արձագանք են գտել և լուսաբանվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից: Այդ ժամանակվա եվրոպական մամուլում հրապարակված հոդվածներից բացի հայտնվեցին մի շարք լուսանկարներ, թուրք ոճրագործների և հատկապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարներ, փոստային բացիկներ և այլն: Ոչ պակաս տարածված էին նաև գովազդային ներդիր-բացիկները:
Ֆրանսիական շոկոլադագործական «Chocolaterie d’Aiguebelle» ընկերությունը 1896 թ. թողարկեց «Հայերի կոտորածները» («Massacres d’Arménie») խորագրով քրոմավիմագրական գովազդային ներդիր-բացիկների շարք: Այն նվիրված էր Օսմանյան կայսրությունում 1895-1896 թթ. հայերի դեմ կազմակերպված կոտորածներին: Շարքում ներառված էին 12 միավոր ներդիր-բացիկ, որոնք ներկայացնում էին 1895 թ. Տրապիզոնի, Մալաթիայի, Արաբկիրի, Կյուրինի և 1896 թ. Կ.Պոլսի հայերի ջարդերը: Այս շարքն ընկերության առաջին թողարկումներից էր: Առավել ուշագրավ է այն, որ հենց այդ հավաքածուն 1900 թ. միջազգային ցուցահանդեսի ժամանակ ստացավ ոսկե մեդալ:
Այդ պատկերազարդումների ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն և կարևորություն է ներկայացնում, քանի որ արժեքավոր տեղեկություններ հաղորդելուց բացի, դրանցում խիստ արտահայտիչ և յուրօրինակ կերպով ցուցադրվել են հայության դեմ գործադրված բռնությունները:
Աղբյուրների սակավության պատճառով դժվար է պարզել ֆրանսիական ընկերության կողմից կատարած հայասիրական գործունեության նպատակները: Սակայն մի բան միանշանակ է` այս ձեռնարկի գաղափարախոսության հիմքում քարոզչությունն էր: Ընկերությունը նպատակ ուներ իր արտադրանքի բոլոր սպառողներին տեղեկացնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի զանգվածային կոտորածների մասին:
«Chocolaterie d’Aiguebelle»-ի քարոզչական և հայանպաստ գործունեությունը մեկնարկ դարձավ հետագայում հայերի զանգվածային կոտորածներին և Հայոց ցեղասպանության տարբեր տարելիցներին նվիրված քարոզչական ներդիր-բացիկների թողարկման համար: