2013թ. փետրվարի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն և Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի ցեղասպանագիտության, կոնֆլիկտաբանության և մարդու իրավունքների կենտրոնի Ֆուլբրայթի այցելու գիտնական Սուրեն Մանուկյանը Ֆուլբրայթի դասախոսությունների ծրագրի շրջանակում հանդես եկավ «Զանգվածային մասնակցությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Սոցիոլոգիական չափում» թեմայով դասախոսությամբ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում /UCLA/:
Ս.Մանուկյանը UCLA-ի ուսանողներին, ֆակուլտետին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց թեմայի շուրջ իր գաղափարները և ուսումնասիրության արդյունքները: Նա հատկապես շեշտեց այն միտքը, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը վերացական և ընդհանուր մոտեցումներից անհրաժեշտ է տեղափոխել ավելի առարկայական դաշտ: Քննարկվեց նաև այն հարցը, թե «ովքեր էին Հայոց ցեղասպանությունն իրագործողները»: Միջոցառմանը մասնակցեցին այնպիսի հանրահայտ գիտնականներ, ինչպիսիք են Ռ. Հովհաննիսյանը, Ս. Ասլանյանը, Ռ. Փիրումյանը, Փիթըր Քաուն, ինչպես նաև UCLA-ի ուսանողներ:
Փետրվարի 13-ին Ս. Մանուկյանը համայնքային հանդիպում ունեցավ Ֆրեզնոյում և «Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու զոհերը: Սոցիալ հոգեբանական չափում» թեմայով դասախոսություն ներկայացրեց: Մասնակցում էին ուսանողներ, Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանի ֆակուլտետի անձնակազմը, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչները: Դասախոսությանը հետևեց հետաքրքիր քննարկում. Մասնակիցների թվում էին պրոֆեսորներ Բ. Տեր-Մկրտչյանը, Սերջիո լա Պորտան և Ս. Հարությունյանը:
Փետրվարի 14-ին Ս. Մանուկյանը Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանում /CSU/ դասախոսեց Հայոց պատմության դասընթացի շրջանակում: Հիմնական թեման վերաբերում էր Հայոց ցեղասպանության ընթացքում ոճրագործի հիերարխիկ կառուցվածքին: Այն կազմակերպվեց Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի և Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Ուսանողները նույնպես հետաքրքրված էին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի գործունեությամբ և ծրագրերով:
Ս. Մանուկյանի վերջին դասախոսությունը տեղի ունեցավ Բերկլիում, փետրվարի 19-ին, որը կազմակերպել էին Բերկլիի համալսրանի Սլավոնական, Արևելաեվրոպական և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը Հայկական ուսումնասիրությունների ծրագրի նախաձեռնությամբ: Ունկնդիրները համայնքի անդամներն էին և ուսանողներ: Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության սոցիալ հոգեբանական կողմերը: Հիմնական թեման էր՝ «Ինչպես հասարակ մարդիկ դարձան զանգվածային մարդասպաններ Հայոց ցեղասպանության ընթացքում»: Սուրեն Մանուկյանը մասնակիցների ուշադրությունը բևեռեց հատկապես Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության սոցիալական հրահանգումների գործընթացի վրա և նշեց, որ դաժանության ռացիոնալացումը, զոհերի դեհումանիզացիան և «մշակութային նախապայմանները» ստեղծում են ցեղասպան մտածելակերպ: