02.05.2024
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Ք. Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց, 11-12-րդ դասարաններ
Մայիսի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին ք. Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: