Նորություններ |
ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ
ժամանակավոր ցուցադրության բացում Լիդիցեի հուշահամալիրում
02.06.2015
Ս.թ. հունիսի մեկին, ժամը 18:00-ին Չեխիայի Լիդիցեի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ժամանակավոր ցուցադրության բացումը:
Ցուցադրության կազմակերպիչներն են Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Չեխիայի մշակույթի նախարարությունը:
Միջոցառման հատուկ հյուրերն էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Դանիել Հերմանը:
Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից և դառնում համամարդկային մի ուղերձ և պատգամ:
Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես և Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն, առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում և հոգիներում: Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից:
Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:
Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի քրիստոնյա մանուկներ, տասնյակ հազարավորները բռնի թրքացվեցին և օտարվեցին իրենց ընտանիքներից ու ազգությունից:
Այսօր Լիդիցեի հուշահամալիրում ներկայացված «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցադրությունը, որը ներկայացրել է համալիրի հայաստանյան գործընկեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, լուսանկարների միջոցով մարդկային ողբերգության պատմությունների մի շարք է, որը ցնցող ազդեցություն է թողնում բոլորի վրա: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն դրանք չենք կարող կոչել բացառիկ ու աննախադեպ, քանի որ երեխաներին բաժին հասած այս ճակատագրերը համամարդկային ողբերգության դրսևորումներ են: Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի բացումը համընկնում է Երեխաների միջազգային օրվա հետ, որ մարդկությունը նշում է այսօր:
Հարգելի բարեկամներ
Այսօր, վաղը և ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում և այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը` վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու և մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»:
Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ամփոփելով Լիդիցե կատարած այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Կցանկանայի իմ անկեղծ զգացմունքներն արտահայտել այսօրվա կապակցությամբ: Խորհրդանշական է, որ Լիդիցեի հուշահամալիր այցելությունը համընկել է Երեխաների միջազգային օրվա հետ:
Այսօր ես ծաղկեպսակ զետեղեցի զոհված երեխաների հուշակոթողին, մեր չեխ բարեկամների հետ բացեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսը, այցելեցի Լիդիցեի՝ արվեստների 43-րդ մանկական միջազգային ցուցահանդես, որտեղ այլ երկրների երեխաների գործերի հետ մեկտեղ ներկայացված են հայաստանցի մանուկների հրաշալի աշխատանքները: Անչափ տպավորված եմ դրանցով: Այս այցելությունն իմ մեջ ամրապնդեց պարտավորվածության այն զգացումը, որ մենք` մեծերս, մեր երեխաների և թոռների համար պետք է ստեղծենք խաղաղ և բարեկեցիկ ապագա»:
«Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ժամանա-կավոր ցուցադրությունն առաջին անգամ ներկայացնելու է Հայոց ցեղասպանության զոհ դարձած և այն վերապրած հայ երեխաների ճակատագրին վերաբերող լուսանկարչական նյութեր և դրանց կից պատմություններ: Դրանք ցեղասպանության տարիներին հայ երեխաների հանդեպ թուրքական պետության իրականացրած ոչնչացման և ուծացման քաղաքականության, որբերի ու որբանոցային դառը իրականության, տասնյակհազարավոր խեղված ճակատագրերի մասին են:
Օսմանյան կայսրությունը ստեղծվեց և վերելք ապրեց միլիոնավոր երեխաների ողբերգության արդյունքում: Զանգվածային ոչնչացման և բռնի թրքացման քաղաքա-կանությունը պետք է դառնար թրքական ազգաստեղծման և լայնածավալ կայսրու-թյան հիմնադրման անկյունաքարը: Սուլթանների կողմից կիրառվող դեվշիրմեի` մանկահավաքի արատավոր սովորույթի հետևանքով տարբեր ժողովուրդների` հայերի, հույների, բուլղարների, սերբերի, վրացիների, ասորիների, ռումինների և այլոց բազմահազար մանուկներ բռնի անջատվեցին սեփական ընտանիքներից ու էթնիկ միջավայրից` թրքացվելու և օսմանյան զավթողական պատերազմների համար որպես գործիք օգտագործվելու նպատակով: Մանկահավաքը և օսմանյան թուրքերի կողմից կիրառված ստրկության երևույթը մարդկության քաղաքակրթության ամենաամոթալի էջերից են:
20-րդ դարի սկզբին երիտթուրքերի ու քեմալականների կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով սպանվեցին կամ բռնի թրքացվեցին ավելի քան կես միլիոն հայ, հույն և ասորի երեխաներ: Թուրքիայի՝ քրիստոնյաների նկատմամբ իրականացված այս ցեղասպանությունը քսաներորդ դարի մեծագույն ողբերգութ-յուններից մեկն է և այն մարդկության ու քաղաքակրթության դեմ գործված սարսա-փելի ու տակավին անպատիժ մնացած հանցագործություն է:
«Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվելու է հենց Լիդիցեի հուշահամալիրի թանգարանում:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|