02.06.2017
Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը կնոջ և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Այնուհետև Գերմանիայից ժամանած հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, մանրամասն տեղեկացան Հայոց ցեղասպանության պատմությանը:
Շրջայցի ավարտին Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրին նվիրեց իր հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը և Արտեմ Օհանջանյանի Ավստրո-Հունգարիան և Հայաստանը, 1912-1918, արխիվային փաստաթղթերի ժաղովածուի գերմաներեն հրատարակությունը: