02.07.2024
Այսօր՝ հուլիսի 2-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում Ավստրալիայի կաթոլիկ և Սիդնեյի համալսարանների պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Շեյլա Ֆիցպատրիկը և ԱՄՆ Միչիգանի և Չիկագոյի համալսարանների պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին հանդես եկան դասախոսություններով: Միջոցառումը կազմակերպվել էր Մոնտերեի սիմպոզիումի հետ համատեղ:
Նախ ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը` ներկայացնելով բանախոսներին:
Օրվա առաջին բանախոս Շեյլա Ֆիցպատրիկը ներկայացրեց «Դիտարկումներ ստալինիզմի և ցեղասպանության մասին» [Thoughts on Stalinism and Genocide] վերնագրով բանախոսություն, որի ժամանակ անդրադարձ կատարեց Խորհրդային Միությունում Ստալինի իշխանության տարիներին տեղի ունեցած իրադարձություններին՝ դասակարգային բռնությանը, զտումներին և տեղահանություններին, ցույց տալով դրանց ու ցեղասպանության հանցագործության միջև կապը:
Գրիգոր Սյունին ներկայացրեց «Ցեղասպանություն՝ չարչրկված բառ. ինչպես պետք է հասկանալ այն» [That Troublesome Word Genocide: How Should We Understand It?] վերնագրով բանախոսությունը: Նա անդրադարձ կատարեց «ցեղասպանություն» եզրի ժամանակակից ընկալումներին ու մեկնաբանություններին, ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը «մշտական անվտանգություն» կոնցեպտի շրջանակներում:
Դասախոսությունների ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու օրվա բանախոսներին: