02.11.2024
Ս. թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» միջոցառումը:
Ուրուգվայից իր ուսուցչի հետ հատուկ այս նպատակով Հայաստան ժամանած 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն միջոցառմանը ներկայացնելու է իր հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն, որը հաղթող է ճանաչվել Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացված շարադրությունների մրցույթում: Մրցույթի նպատակը, ոգեկոչումից զատ, Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցումն է և կրթական նախաձեռնություններով հանդես գալը: Ուրուգվայը, որն առաջինն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետևողական քայլեր է ձեռնարկում նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ուղղությամբ:
Միջոցառմանը ելույթով հանդես են գալու նաև Ուրուգվայի Հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն պրոֆ. Ալդո Ռոդրիգեսը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի Կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանը:
Միջոցառմանը կարող են ներկա լինել հանրակրթական ավագ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Մասնակցության համար նախապես գրանցվել՝ զանգահարելով 098 69 00 11 հեռախոսահամարին: