02.12.2022
Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված ամսագրերում և Book Citation Index-ի հրատարակչությունների կողմից հրատարակվող գրքերում և ժողովածուներում տպագրված հրապարակումների մասին տեղեկությունների շարքը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի` «The rhetorical face of enmity: the Nagorno-Karabakh conflict and the dehumanization of Armenians in the speeches by Ilham Aliyev» [Թշնամանքի հռետորական դեմքը․ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու հայերի ապամարդկայնացումը Իլհամ Ալիևի ճառերում] հոդվածը լույս է տեսել Southeast European and Black Sea Studies հանդեսում (WOS (ԱԳ 2.516, Q1), Scopus (Q1))։
Հոդվածում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում Իլհամ Ալիևի ճառերում օտարացման նպատակային գործընթացն ու թշնամու կերպարի ստեղծումը։ Հեղինակը վերլուծում է այն հիմնական գործիքակազմը, որը Ալիևը կիրառում է հայերի ապամարդկայնացման համար: Այդ գործընթացը դիտարկվել է երեք հիմնական բաղադրիչով՝ հայերի թիրախավորումը որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների «միակ սպառնալիք», հայերի կերպարի ներկայացումը որպես ոչ-մարդ և բարբարոս, և երրորդը՝ հայերից բխող սպառնալիքի վերացման հարցում Ադրբեջանի գերակայության շեշտադրումը։ Սահմանափակվելով պետության կողմից հովանավորվող խոսույթով՝ հոդվածագիրը հայերի ապամարդկայնացման գործընթացը կապում է նաև Ադրբեջանում Ալիևների դինաստիայի օրինականացման փորձերի հետ։
Հոդվածն ամբողջությամբ՝
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/14683857.2022.2153402?fbclid=IwAR1EZAnWbsiZmLLDS7LdJehGXAWLUfwdrNQrZNlGJZ7wK7Zmf5FuHs0BRjo