03.02.2023
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Գրիգոր Նարեկացու անվան համար 137 դպրոց, 8-9-րդ դասարան
Փետրվարի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկեց դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. անդրանիկ հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Երևանի Գրիգոր Նարեկացու անվան համար 137 դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Ի դեպ Գրիգոր Նարեկացու անվան համար 137 դպրոցում է սովորել Գոհար Խանումյանի եղբայրը՝ Արցախյան երկու պատերազմների մասնակից Տիգրան Խանումյանը, ով զոհվել է 2020 թ. պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Թաղավարդում:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: