03.06.2023
Մայիսի 30–ին Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողներ իրենց ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանց դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմություններին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի ընկալման մեջ Ադրբեջանի կողմից իրականացվող ջարդերը իրենց իրականացման մեթոդներով Հայոց ցեղասպանության շարունակությունն էին և պատահական չէր, որ ժողովուրդը այդ խաչքարերը բերել և տեղադրել էր հենց Հայոց ցեղասպանության հուշարձանի հարևանությամբ: Հարություն Մարությանը ուսանողներին ներկայացրեց նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները:
ԱՄՆ-ից ժամանած ուսանողները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այնուհետև ՀՑԹԻ գիտաժողովների սրահում նրանց հյուրընկալեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, որը ուսանողներին ծանոթացրեց ՀՑԹԻ ծավալած գիտական գործունեությանը, մասնավորապես ներկայացրեց ՀՑԹԻ գիտական կառուցվածքը, գրախոսվող երկու ամսագրերը` հայալեզու
Ցեղասպանագիտական հանդես և անգլալեզու
International Journal of Armenian Genocide Studies.
Բարլոու Տեր-Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։
Հիշեցնենք, որ Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ 2021 թ.-ից սկսած ամեն տարի ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում: