Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻ ՆԿԱՐ, ՄԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ. ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՀՑԹԻ-ՈՒՄ



Ս.թ. մայիսի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ. հանդիպեցին ցեղասպանության որբերի ժառանգները, որոնց միավորում էր մի լուսանկարի պատմություն:

Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքներից էին հազարավոր որբացած հայ երեխաները: Նրանց ճակատագիրը կապված է մեկ կարմիր թելով՝ երջանիկ մանկություն, բռնագաղթ, զրկանքներ, տարագրություն, որբանոց …

Բայց նրանք ուժեղ էին, նրանք ապրեցին, նրանք հաղթեցին: Այս բազում ճակատագրերը երբեմն ինչ-որ նախախնամությամբ հատվում են, նույնիսկ՝ ավելի քան 100 տարի հետո:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվում են բազմաթիվ արխիվային նյութեր, պատմություններ: Չափազանց իրական ու չափազանց անհավատալի պատմություն է թաքցնում նաև Երևանի որբանոցներից մեկում արված այս լուսանկարը:

Երևանի եղբայրական օգնության կոմիտեի երկրորդ որբանոցի սաներն են (շուրջ 8 տասնյակ երեխաներ) և ուսուցչական անձնակազմը: Լուսանկարվել են որբանոցի աստիճանին, 1916/17 թթ.: Լուսանկարիչն անհայտ է: Այս լուսանկարի տարբեր օրինակներ տարբեր ժամանակահատվածներում հանձնվել են թանգարան-ինստիուտի ֆոնդերին, իսկ այս միջոցառումը կազմակերպելու միտքը հղացավ, երբ այս տարվա մայիսին լուսանկարի երեխաներից մեկի ժառանգը՝ Իրինա Բաբայանը, հիշյալ լուսնակարի հիման վրա տարիներ առաջ պատրաստված բատիկան նվիրեց թանգարանին:

Միջոցառմանը կարողացել էին ներկա գտնվել ժառանգներից Իրինա Բաբայանը, Մելիք Բաղդասարյանը, Ջեմմա Պարսամյանը, նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր ընտանիքի պատմությունը, և դրանք բոլորը հատվում էին աստիճանների վրա շարքով նստած խնամված ու թախծոտ հայացքներով երեխաներով նկարի շուրջ: Ներկաներին ողջունեց և մասնակցության համար շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:

«Այսօր թանգարանում կողք կողքի նստած, սակայն միմյանց չճանաչող մարդիկ կապված են մեկ ընդհանուր անցյալով, մեկ ընդհանուր պատմությամբ: Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, ում հարազատներն էլ նստած են կողք կողքի այս լուսանկարում»,- նշեց ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, միջոցառման նախաձեռնող Գոհար Խանումյանը:

Տիկին Իրինան ՀՑԹԻ-ն հանձնեց նաև «Երեկոյան Երևան» թերթի 1969 թ. մայիսի 29-ի համարը, որտեղ տպագրված է նույն լուսանկարը և 50 տարի անց գրեթե նույն կազմով որբանոցային ընկերների նոր լուսնկարը նրանց մասին պատմող ընդարձակ անդրադարձով: Հոդվածից պարզ է դառնում, որ գրեթե բոլորն էլ դարձել են կայացած քաղաքացիներ՝մշակույթի և գիտության ականավոր գործիչներ… ու պարզապես լավ մարդիկ:

Մարգար Սեդրակյան՝ 10 անուն աշխարհահռչակ կոնյակների հեղինակ, Օգսեն Սապունջյան՝ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ղեկավարաել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ամբիոններից մեկը, Հմայակ Ամիրխանյան՝ Բաքվի հայրերեն «Կոմունիստ» թերթի խմբագիր, Հենրի Գաբրիելյան՝ առաջի կոմերիտականներից, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ, նրա անվան հետ է կապված ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի գործունեությունը, Ազնիվ Պետրոսյան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս, միկրոբիոլոգիայի ինստիտուտի լաբարատորիայի ղեկավար, Արծրուն Պետրոսյան՝ ռոդիոտեխնիկ, Հանրապետության կապի ոլորտի հնագույն և լավագույն մասնագետներից, Գոհար՝ Գրականության և Արվեստի թանգարանի աշխատակից, գիտաշխատող, Երվանդ Խալեյան՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի ամբիոնի ղեկավար, Հապետ Դովլաթյան՝ Երևանի ալյումինի գործարանի առաջատար մասնագետ, զարգացրել է նորաստեղծ արտադրություն՝ կարևոր տեղ բացելով հանրապետության էկոնոմիկայի հաշվեկշռում, Սիրակ Բերբերյան՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի հիմնադիրներից, Մայրանուշ Պարոնիկյան՝ դերասանուհի, կերտել է 100-ից ավելի բեմական կերպարներ, Մուշեղ Մամիկոնյան՝ պիոներական շարժման առաջամարտիներից, երիտասարդության ֆիզիկական դաստիարակության նվիրյալ, Սերոբ Պողոսյան՝ գիտությունների դոկտոր, Նահապետ Պետրոսյան՝ ԵՊՀ դասախոս, Ղազար Վարդապետյան՝ ԵՊՀ դասախոս, Մասիս Ղազարյան՝ ԵՊՀ դասախոս, Մկրտիչ Համբարձումյան՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, Ամիլ Մանուկյան՝ պիոներական շարժման վետերան, պետական պատկերասրահ տնօրենի տեղակալ, Սուրեն Օհանյան՝ Մ. Գորկու անվան դպրոցի տնօրեն, Հայկ Մինասյան՝ տպագրության գործի մեծ վարպետ, Արտաշես Ավետիսյան՝ «Սովետական Հայաստան» թերթի աշխատակից, Մարո Ալազան, Կարինե Թոփիկյան, Արմենակ Խառատյան և մյուսներ: Այս լուսանկարի երեխաների մեջ էին նաև Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհված շատ հայորդիներ:

Պարոն Բաղդասարյանը պատմեց իր հոր՝ հայտնի լուսանկարիչ Նեմրութի հորաքրոջ՝ օրիորդ Հասմիկի պատմությունը, հենց նա էր այն բարեհոգի ուսուցչուհին, ով ստանձնել էր հայ որբուկներին կրթելու, հասարակության համար լիիրավ քաղաքացիներ կերտելու ծանր ու պարտավորեցնող առաքելությունը: Օրիորդ Հասմիկը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել, բայց իր ողջ սերն ու քնքշանքը, արերկրում ստացած գիտելիքներն ու հարուստ մասնագիտական փորձը տվել է իր սաներին, դարձել մայր ու պահապան:

Հայոց ցեղասպանության իրագործման հենց սկզբին հայ գաղթականների մեծ ալիքը հասավ Արևելյան Հայաստան, որոնցից մի մեծ հատված ապաստանեց Երևանի (2000 գաղթական) և Էջմիածնի (4000գաղթական) մատույցներում: Նրանք հիմնականում Վանի, Բիթլիսի և Էրզրումի նահանգներից բռնագաղթված հայերն էին:Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում ծնողազուրկ, անապաստան երեխաները, որոնցից շատերը ականատես լինելով կոտորածներին, տեղահանության սարսափներին՝ հյուծվել էին հոգեպես և ֆիզիկապես, շատերը տառապում էին տարբեր վարակիչ հիվանդություններով: Անհապաղ անհրաժեշտ էր կազմակերպել գաղթականների և մեծաթիվ հայ որբերի խնամքն ու կեցությունը: Այս ժամանակահատվածում Ռուսական կայսրության տարբեր հայաշատ բնակավայրերում, արդեն ձևավորվել էին հայկական բարեգործական բազմաթիվ կազմակերպերպություններ, կոմիտեներ, որոնք գործում էին գլխավորապես միմյանցից անջատ: Որբախնամ գործն իրականացնող կոմիտեն/կազմակերպությունը կազմակերպում էր երեխաների խնամքը, հոգում ծախսերը՝ վարձակալելով մասնավոր տներ, դպրոցներ և այլն: Երևանում ու նրա մերձակայքում կուտակված մեծաքանակ հայ որբերին տեղափոխում են Դիլիջան, Թիֆլիս, Գանձակ, Բաքու:

Սկզբանական շրջանում երեխաների տեղաբաշխումը որբանոցներում անկազմակերպ էր իրականացվում: Երեխաները երբեմն մի տեղից մյուսը տեղափոխվելու ճանապարհին կորում էին, թղթաբանությունը կատարավում էր անգրագետ ու անփույթ, պատճառը՝ հիմնականում ոլորտում ունեցած անփորձությունն էր: 1915 թ. Երևանի նահանգում բացվել էր 37 որբանոց՝ 2690 երեխաներով: Տարածքի և նյութական միջոցների սակավության պատճառուվ երբեմն երեխաներին հանձնում էին նաև ընտանիքների խնամակալությանը: Որբանոցներում հայտնված երեխաներից ոչ բոլորն էին ծնողազուրկ, նրանցից ոմանք կորցրել էին իրենց ծնողներին տեղահանության ճանապահին և վերջիններիս ճակատագիրն ուղղակի անհայտ էր: Լինում էին դեպքեր, երբ երեխային հենց նրա ծնողը կամ մոտ ազգականն էր հանձնում որբանոց՝ նրանց գոյությունը պահպանելու անհրաժեշտությունից դրդված: 1916 թ. Երևանի նահանգի Եղբայրական օգնության կոմիտեի 12 որբանոցներում կար 1050 տարբեր տարիքային խմբերի երկսեռ երեխա: Մեծ տոկոս էին կազմում յոթ տարեկանից բարձր երեխաները: Այս տարիքայինների մեջ էլ մեծամասնություն էին կազմում արական սեռի որբերը, իսկ 1-6 տարեկաների մեջ՝ իգական սեռի ներկայացուցիչները: Ի դեպ, ի թիվս այլ որբանոցների, եղբայրական օգնության կոմիտեի Երևանի որբանոցները, համեմատաբար լավ վիճակում էին գտնվում: Սակայն իրավիճակը փոխվեց 1917-18 թթ.՝ կապված միջազգային քաղաքական փոփոխությունների, Հայաստանում ստեղծված ներքին և արտաքին վտանգավոր դրության հետ: Հայկական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող որբանոցների մեծ մասը այլևս ի վիճակի չէր շարունակել գոյությունը: Մեծ թվով երեխաներ կրկին հայտնվեցին փողոցում, նրանց մի մասը քեմալականների կողմից հարձակման ժամանակ դաժանաբար սպանվեց: Նոր ստեղծված Հայաստանի առաջին հանրապետությունը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ:


Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am