03.07.2024
Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը հուլիսի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:
Պատվիրակության կազմում էին Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Վիլսոնը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Բեն Քարդինը և այլք:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Սենատոր Ռոջեր Վիքերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ տնօրենը հյուրերին ներկայացրեց նաև Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ առաջին ծառը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի, 1997 թ.-ին: Էդիտա Գզոյանը իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը միայն անցյալի մասին չէ. այն ինչ կատարվեց Արցախում հայերի նկատմամբ ադրբեջանցիների ձեռքով հիշեցնում է 20-րդ դարասկզբի թուրքական ցեղասպան ձեռագիրը: