04.08.2015
Օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության կազմում էին Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան այլ անձիք:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Թուրքիայից ժամանած հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրության հետ. նրանց ներկայացվեցին բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենը Թուրքիայի քաղաքապետերին հանձնեց իր վերջին մենագրության՝ Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում գրքի օրինակներից: