03.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մամուլի ասուլիսի շրջանակում լրագրողներին ներկայացրեցին առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեկնարկող հիմնանորոգման աշխատանքների մանրամասները:
ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում նշեց, որ ինչպես Հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:
Հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը: Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը: Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:
ԿԳՄՍՆ-ի հայտարարած բաց մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ԲԻԴԵՔ ՍՊԸ-ն: ՀՑԹԻ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743 034 625 ՀՀ դրամ։ Շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է Սեյսմշին ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ Հայնախագիծ ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետներից մեկն է:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ Հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: