03.11.2022
Երեկ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Թոմաս Օշմանը հանդես եկավ The Armenian Genocide before the European Court of Human Rights [Հայոց ցեղասպանությունը ՄԻԵԴ-ում] խորագրով իր երկրորդ դասախոսոսությամբ: Այն նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գրեթե երկու տարի քննված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին:
Պրոֆոսոր Օշմանը մանրամասն ներկայացրեց գործի ընթացքը, անդրադարձավ Պալատի (Chamber) և Մեծ պալատի (Grand Chamber) որոշումներին՝ ցույց տալով դրանց թերի կողմերը: Ի տարբերություն ՄԻԵԴԻ Պալատի՝ 2015 թ. հոկտեմբերին Մեծ պալատի ընդունած վճռում նշված էր, որ դատարանը պարտավոր չէ պարզել, թե արդյոք Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանումները կարելի է որակել որպես ցեղասպանություն, և որ դատարանը չունի իրավաբանորեն պարտավորեցնող հայտարարություններով հանդես գալու իրավասություն։ Իսկ Մեծ պալատի 17 դատավորից յոթը, այդ թվում՝ ՄԻԵԴ նախագահը, իրենց հատուկ կարծիքում նշել էին, որ հայ ժողովրդի կրած ջարդերն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են, և որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն հաստատված պատմական փաստ է։
Թեև դատարանը ձայների չնչին առավելությամբ պաշտպանել էր Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, սակայն, ըստ պրոֆ. Օշմանի՝ այդ որոշումը վերաբերում է կոնկրետ տվյալ գործի մանրամասներին և այլ պարագայում ՄԻԵԴ դատարանը կարող է հակառակ որոշում ընդունել, եթե հնարավոր լինի ապացուցել Հայոց ցեղասպանության ժխտման ազդեցությունը հայերի հանդեպ խտրականության տարածման, բռնությունների հրահրման կամ ծանր հոգեբանական տրավմաներ պատճառելու հարցում:
Դասախոսության ավարտին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Օշմանին երկօրյա դասախոսությունների համար՝ հույս հայտնելով որ համագործակցությունը ՀՑԹԻ և Նանտեր համալսարանի միջև շարունակական կլինի: