03.07.2024
Սույն թվականի հունիսի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Արմատ և ծիլ» ստեղծագործա-հետազոտական մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։
Միջոցառումը բացեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ով քաջալերեց մասնակիցներին խորապես ուսումնասիրել իրենց արմատներն ու լավ ճանաչել հայրենիքի պատմությունը։ Միջոցառմանը ներկա էր ականավոր սրտաբան, պրոֆեսոր, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ազգային գործիչ, բարերար, հրապարակախոս և բանաստեղծ Յակոբ Այնթապլեան ում անմիջական աջակցությամբ «Արմատ և ծիլ» (2023) մասնակիցների ուսումնասիրած ու թղթին հանձնած պատմություններից լավագույնները՝ թվով 22 տպագրվել էր առանձին ժողովածուի տեսքով: Պարոն Յակոբ Այնթապլեանը բոլոր մասնակից դպրոցներին հանձնեց հայոց լեզվի բառարաններ ու հայրենաճանաչողական պաստառներ։ Անի Մանուկյանը նույնպես ողջունեց բոլոր մասնակիցներին ու ընդգծեց, որ երկրորդ տարին է ինչ իրականացվում է հեղինակային նախագիծն ու մրցույթը «Աջակիցներ» հասարակական կազմակերպության, Հանեսյան ընտանիքի համագործակցությամբ, որին այս տարի միացել էր նաև Բաբայան ընտանիքը։ Այս տարվա աջակիցներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը։
Այս տարի «Արմատ և ծիլ» մրցույթին մասնակցել էր 30 աշակերտ 14 տարբեր դպրոցներից։ Երեք աշակերտ արժանացավ «Սուրեն Հանեսյանի անվան» լավագույն աշխատանք մրցանակին, ևս երեք աշակերտ արժանացավ «Արիս Բաբայանի անվան» մրցանակին, մեկ աշակերտ ՀՑԹԻ-ի կողմից արժանացավ «Լավագույն հետազոտական աշխատանք» անվանակարգում մրցանակի, որը նրան հանձնեց ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը։ Մասնակիցներն արժանացան այլ մրցանակների հետևյալ անվանակարգերում. «Լավագույն նախագծային աշխատանք», «Հայկական ավանդույթների լավագույն նկարագրություն», «Միջառարկայական լավագույն հետազոտական աշխատանք» և այլն։ Մրցանակաբաշխության ընթացքում տեսաուղերձներով ողջույնի խոսքեր հղեցին Հանեսյան ընտանիքից (ԱՄՆ), Բաբայան ընտանիքից (ԱՄՆ), Անի Հովհաննիսյանը (ԱՄՆ, գրող, ֆիլմի ռեժիսոր), Կատյա Թավիթիան-Կարագյոզյանը (ԱՄՆ գրող), Գևորգ Պապիրյանը (ԱՄՆ գրող) և այլք։