04.02.2016
Լուսանկարում յոթամյա Մուշեղիկն է: Նա ցույց է տալիս փայտին գամելուց հետո ձեռքերին մնացած սպիները:
Մուշեղիկի կրած անմարդկային «պատժի» հետքերը երևում են անգամ դեպքից մեկ տարի անց արված լուսանկարում:
Մուշեղիկը ծնվել է Վանի նահանգի, Վանի գավառի Դիզա գյուղում 1907 կամ 1908 թվականին: 14 հոգանոց բազմանդամ ընտանիքից փրկվել են միայն ինքը և մայրը՝ Բեյազ Բադալյանը: Մուշեղի հայրը և նրա երեք հորեղբայրները 1914 թ. զորահավաքից հետո իբրև ամելե-թապուրիեներ սպանվել են Բաշկալեի ճանապարհին:
1915 թ. գարնանը Խալիլ բեյի հրամանով Դիզա գյուղից թուրք զինվորականները հավաքում են 5-10 տարեկան արական սեռի երեխաներին և դաժանաբար սպանում գյուղի հարևանությամբ գտնվող աղբանոցում: Մուշեղիկի մայրը երկու որդիներին մահից փրկելու խնդրանքով դիմում է իրենց ընտանիքի վաղեմի ծանոթ թուրք պաշտոնյային: Թուրք յուզբաշին համաձայնում է միջնորդել Խալիլ բեյին երեխաների ազատության համար՝ կրոնափոխության առաջարկն ընդունելու դիմաց: Այդ նույն ժամանակ մի քուրդ, լսելով երեխայի հայկական անունը, Մուշեղիկի ձեռքերը դաժանաբար գամում է փայտին:
«Թուրք յուզբաշին երեխաներուն ազատած միջոցին կգտնե տղայիս գամած և գամերը հանելով՝ կթողա: Տղաս տուն եկավ լալով և արնաշաղախ...»:
Բեյազ Բադալյան
Վանի նահանգի նահանգի 1915 թ. տասնյակ հազարավոր հայ տարագիրների մեջ էին նաև մազապուրծ Բեյազն իր երեք երեխաների՝ Սմբատի, Մուշեղիկի և Արեգնազանի հետ: Գաղթի ճանապարհին Սալմաստում մահանում է Մուշեղիկի կրտսեր եղբայրը՝ Սմբատը: Բաքվում հաստատվելուց կարճ ժամանակ անց մահանում է նաև քույրը՝ Արեգնազանը:
Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից