04.02.2025
Փետրվարի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Հայաստանի միջազգային իրավունքի միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված «Հայաստանն ու Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)․ անդամակցություն մեկ տարի» խորագրով մասնագիտական աշխատաժողով, որին մասնակցում էին միջազգային իրավունքի մասնագետներ, միջազգային քրեական իրավունքով հետաքրքրվող իրավաբաններ, միջոլորտային ուսումնասիրություններ իրականացնող անձինք, դասախոսներ և ուսանողներ։
Միջոցառումը մեկնարկեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ողջույնի խոսքով: Պատմական զուգահեռներ տանելով` Էդիտա Գզոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո չկար միջազգային օրենք և դատարան հանցագործներին պատժելու համար, իսկ այժմ իրադրությունը այլ է: Նա հույս հայտնեց, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա նաև իրավական գործիքակազմով պայքարել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների համար:
Աշխատաժողովի առաջին բանախոսը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանն էր, ով հանդես եկավ «Հետահայաց անդրադարձ. ՄՔԴ անդամության առաջին տարին» ելույթով։ Նա ներկայացրեց ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նախորդող շրջանի և վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացուցչի գրասենյակի կատարած աշխատանքը, Հայաստանի մոտեցումները, մարտահրավերները և ՄՔԴ-ի հետ համագործակցության հեռանկարները:
Աշխատաժողովին քննարկվեցին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունից բխող մի շարք հարցեր, ներառյալ արցախահայության բռնի տեղահանությունն ու վերջինիս հնարավոր որակումը որպես ՄՔԴ իրավազորության տակ գտնվող միջազգային հանցագործություն, վերադարձի իրավունքը։
Միևնույն ժամանակ մասնակիցները մտքեր փոխանակեցին միջազգային քրեական իրավունքի ոլորտային մի շարք այլ հարցերի շուրջ՝ անդրադառնալով ագրեսիայի հանցագործությանը, միջազգային հանցագործություններից մարդկանց պաշտպանության իրավական մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանում միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերին։ Ելույթներ ունեցան ՀՄԻՄ հիմնադիր նախագահ Նարեկ Աբգարյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատության և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը, միջազգային իրավունքի փորձագետներ Արա Ղազարյանը, Աննա Մելիքյանը և Դավիթ Խաչատրյանը: