04.04.2015
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է. «Մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին:
Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը: Այդ մասին վկայում են այս ցուցահանդեսում ներկայացված ֆրանսիական, իտալական, բրիտանական, ամերիկյան, ռուսական և կիպրական թերթերի հրապարակումները: Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարություններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին: Այդ մարդկանց վկայությունները, սարսափելի տեսարանները ներկայացնող լուսանկարները հետագայում հրապարակվեցին թերթերում կամ հուշագրություններում, դրանք այժմ արժեքավոր արխիվային նյութեր են և թուրքական սարսափելի բարբարոսությունների վառ ապացույցը»:
«Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: