Ս.թ. մայիսի 30-31-ը Բեյրութի Հայկազեան համալսարանում (Haigazian University) տեղի ունեցավ «Հունաստանի և Կիպրոսի հայերը» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը և Կրթական ծրագրերի բաժնի վարիչ, կրտսեր գիտական աշխատող Քրիստինե Նաջարյանը:
Ծրագրում ներկայացված էր նաև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Մերձավոր Արևելքի որբերը Հունաստանում. լուսանկարներ, փաստաթղթեր, վկայություններ» զեկույցը, որը, սակայն, բանախոսն անձամբ հնարավորություն չունեցավ ներկայացնել Բեյրութ մեկնել չկարողանալու պատճառով:
Էդիտա Գզոյանը ելույց ունեցավ «Ազգերի լիգան. Կիպրոսի ու Հունաստանի հայ համայնքների կազմավորումը», իսկ Քրիստինե Նաջարյանը «Ալմա Յուհանսոնի գործունեությունը Հունաստանում հայ տարագիրների շրջանում» զեկույցներով:
Էդիտա Գզոյանն իր զեկույցում անդրադառնում էր Հայոց ցեղասպանությունից հետո տարբեր երկրներում հայ օջախների՝ համայնքների, ձևավորման գործում Ազգերի լիգայի կարևոր դերին: Ազգերի լիգան մշակեց ու գործարկեց մի շարք մարդասիրական ծրագրեր, որոնք անդրադառնում էին հայերից ողջ մնացածների ազատմանը, փրկմանն ու վերաբնակեցմանը: Որպես արդյունք եղավ նաև Կիպրոսի ու Հունաստանի հայ համայնքների ստեղծումը: Զեկույցը հիմնված էր Ազգերի լիգայի արխիվային փաստաթղթերի վրա:
Քրիստինե Նաջարյանը ներկայացրեց շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի մարդասիրական գործունեության շարունակությունը Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ անդրադառնալով արհեստագործական արհեստանոցներում այրիների և երիտասարդ աղջիկների գեղարվեստական ասեղնագործությանը, Սալոնիկից ոչ հեռու Խարիլաոս ու Խերմանքյո գյուղերում դպրոցների պատմությանը և հատկապես դպրոցների սաների հետագա բարեկամական կապը:
Գիտաժողովին բացման խոսք ասեց Հայկազեան համալսարանի տնօրեն Փոլ Հայդոստյանը, Հայկազեան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դագեսյանը: Գիտաժողովին մասնակցում էին 29 հայ և օտարազգի մասնագետներ ու հետազոտողներ Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից: