04.07.2024
ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի [Национальный исследовательский университет «Высшая школа экономики] հումանիտար ֆակուլտետի 9 ուսանող իր պրակտիկան անցկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ուսանողներից 8-ը պրակտիկային մասնակցում է հեռավար, իսկ մեկն առկա ձևաչափով:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը առցանց հարթակում ողջունելով մասնակից ուսանողներին՝ բարի երթ մաղթեց նրանց, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ուրախ է այս համագործակցության համար և հուսով է, որ այն շարունակական կլինի:
Այնուհետև ուսանողները հնարավորություն ունեցան վիրտուալ շրջայց կատարելու Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթանալու մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Պրակտիկայի ընթացքում ուսանողների հետ օնլայն հանդիպում ունեցավ նաև ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Հարություն Մարությանը և ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը և դրա դերը Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման գործում:
Ռուս ուսանողները պրակտիկայի ընթացքում ձեռքբերած գիտելիքների և հմտությունների արդյունքում պետք է պատրաստեն Ռուսաստանը և Հայոց ցեղասպանությունը թեմայով ժամանակավոր առցանց ցուցադրություն: