04.08.2015
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:
«Այս ցուցադրության մեջ ներկայացվելու են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտային կյանքին առնչվող բացառիկ բնօրինակ լուսանկարներ, ինչպես նաև մրցանակներ, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր և այլն, որոնց մեծ մասը հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքի կողմից»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ցուցադրությունը կազմվել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած համանուն գրքի հիման վրա, ունի 12 խորագրեր.
• Սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում
• Հայկական սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում
• Մարզական և մարմնակրթական շարժումը Զմյուռնիայում
• Սպորտի և մարմնակրթության զարգացումը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում
• Հայ կինը և մարմնակրթությունը
• Հայկական օլիմպիական խաղեր (1911-1914 թթ.)
• Հայ մարզիկների մասնակցությունը 1912 թ. միջազգային օլիմպիական խաղերին
• Սպորտը և ազգայնական մրցակցությունը
• Հայկական սպորտի կորուստը Մեծ եղեռնի տարիներին
• Հայկական սպորտը հետպատերազմյան տարիներին (1918-1922 թթ.): ՀՄԸՄ-ի կազմավորումը:
• Մարմնակրթությունը և սպորտը հայկական որբանոցներում
• Հայկական սկաուտական շարժման ծնունդն ու զարգացումը
2015 թ. օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի առթիվ կազմակերպված այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու հայկական սպորտի պատմությանը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սեփականությունն է դարձել Գրիգոր Ճոլոլյանի բացառիկ լուսանկարչական հավաքածուն և այլ բնօրինակ նմուշներ, որոնք առնչվում են 1911-1922 թվականների հայկական մարմնակրթական շարժման պատմությանը», - նշում է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:
Հայոցս մէջ անհատապաշտութիւնը իր ծայրագոյն աստիճանին հասած է, իսկ հաւաքականութեան զգացումը գրեթէ բնաւ գոյութիւն չունի, տարակոյս չի կայ թէ անցեալին մէջ միջավայրի աննպաստ պայմանները, դաստիարակութիւնը այնպէս են տնօրիներ որ այսօր զիրար աւելի հաճոյքով ատենք քան թէ սիրենք:
Բայց ժամանակն է, որ մենք մեր ձեռքով մեզ շրջապատող պայմանները փոխենք, մենք այլևս չենք ուզեր լալ ու զիրար ատել, մեր փորձառու մեծերը իրենց կեանքովը մեզ զիրար արհամարհել, ատել միայն սորվեցուցին, մենք յոգնած ենք ատելէ եւ լալէ, մենք այլևս կ’ուզենք զիրար սիրել, քով քովի գալ,
ուս ուսի աշխատիլ. միասին պայքարիլ հաւաքարար վայելել...»
ՇԱՒԱՐՇ ՔՐԻՍԵԱՆ