04.10.2016
Այսօր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տնօրեն Հայկ Դեմոյանը Հենրի Մորգենթաուի անվան ոսկե մեդալով պարգևատրեց միջազգային իրավունքի մասնագետ, «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների անունից դատ բացած և շահած փաստաբան, «Վարդգես Եղիայան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-ղեկավար Վարդգես Եղիայանին:
Հանդիպման ընթացքում ամերիկահայ հայտնի իրավաբան Վարդգես Եղիայանը խոսեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների իրավունքների վերականգնման շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ, պատմեց դատական առաջին գործընթացների նախապատրաստական աշխատանքների մասին:
1999 թ. փաստաբան Եղիայանն անակնկալ բացահայտում արեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշագրությունները կարդալիս: Օսմանյան Թուրքիայի հպատակ հազարավոր հայեր մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանության մեկնարկը «New York Life» ընկերությունից ապահովագրություն են ձեռք բերել, իսկ ավելի ուշ ջարդերից մազապուրծ ընտանիքների անդամներին հիմնականում հրաժարվել են հատկացնել իրենց հասանելիք գումարները: «New York Life» ընկերությունը ջարդերին զոհ գնացած անձանց ժառանգների միայն մեկ երրորդին է հատուցում տվել:
Դեռ առաջին շահած դատից առաջ Վարդգես Եղիայանի միջնորդությամբ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում օրենք է ընդունվել Օսմանյան կայսրությունում վաճառված ապահովագրությունների փոխհատուցման կարգի վերաբերյալ:
Այնուհետև Եղիայանը որոշեց հայց ներկայացնել ընդդեմ «New York Life» ընկերության: Նա գտավ Մարտին Մարությանին, որը պահպանել էր իր զոհված հորեղբորը՝ Սեդրակ Չեյթանյանին պատկանող «New York Life»-ի ապահովագրության փաստաթղթերը:
2004 թվականին դատական հայցը վերջնականապես լուծվեց 20 միլիոն դոլարի չափով հատուցմամբ. սահմանվեցին այն քայլերը, որով Մարությանն ու Հայոց ցեղասպանության 2400 զոհերի ժառանգները կարող էին վերջապես ստանալ իրենց գումարները, որ ապահովագրվել էր շուրջ 100 տարի առաջ: Վճիռը նաև նախատեսում էր 3 մլն դոլար հատկացնել ինը հայկական եկեղեցու և բարեգործական խմբերի: Ընդհանուր առմամբ, Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը այս դատավարության ընթացքում շահել է մոտ 55 միլիոն դոլար գումար, որոնքը բաժանվել են ժառանգորդների միջև:
Վարդգես Եղիայանի հարցմանը ընդառաջ նյույորքյան ապահովագրական կազմակերպությունը տրամադրել է իրենց արխիվներից մեկում անկիզելի կնքված մի պահարանում գրեթե հրաշքով պահպանված իրենց կյանքը ապահովագրած շուրջ 40 հազար հայերի ցուցակներ, որտեղ կար մանրամասն տեղեկույթ՝ հասցեներ, անձնական տվյալներ և մանրամասն նկարագրություն:
Ամերիկյան դատական նախադեպից հետո Եղիայան գրասենյակը հաջողությամբ շահեց նմանատիպ դատեր նաև եվրոպական բանկերի դեմ:
Եղիայանի, Մարությանի և հայ համայնքի համար դատավարությունը լոկ գումարի պահանջ չէր: Այն մի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հանրային ճանաչման և արդարության պահանջի գործում:
Հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հանրությանը ներկայացվեց Սեյրանուհի Գեղամյանի «Նվիրում» փաստավավերագրական վիպակը Վարդգես Եղիայանի կյանքի և գործի մասին: