ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԱՍԻ ԽՈՍՆԱԿ ՎԻԿՏՈՐԱՍ ՊՐԱՆՑԿԵՏԻՍԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ
Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ տնօրենը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Լիտվայի Սեյմասի խոսնակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորությամբ հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
Այցի ավարտին Վիկտորաս Պրանցկետիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենը Լիտվայի Սեյմասի խոսնակին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն իր հրաժեշտի խոսքում բարօրություն մաղթեց հայ ժողովրդին և բարձր գնահատեց ու կարևորեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի գոյությունն ու նշանակությունը, նրա խորհրդանշական դերը մարդկության դեմ իրագործված հանցագործությունների դատապարտման ու ապագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում: