04.10.2024
Հոկտեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում Հայդելբերգի Ֆրիդրիխ Էբերտի հուշահամալիրի տնօրեն, Հայդելբերգի համալսարանի պատմության դասախոս, բանվորական շարժման և Վայմարյան Հանրապետության պատմության մասնագետ պրոֆեսոր Բերնդ Բրաունը հանդես եկավ «Ռայխսթագը և Հայոց ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էին հետազոտողներ Հայաստանից և Գերմանիայից:
Պրոֆեսոր Բրաունը դասախոսության ընթացքում ներկայացրեց Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական կայսրության Ռայխսթագում տեղի ունեցած քննարկումները Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես խոսեց պատգամավոր Կառլ Լիբկնեխտի՝ հայերի բնաջնջման հարցի բարձրաձայնման և դրա կանխմանն ուղղված ջանքերի մասին, որոնք, սակայն, պայմանավորված Գերմանիայի քաղաքական շահերով, անտեսվեցին: Բանախոսը ներկաներին ներկայացրեց նաև ժամանակի գերմանական մամուլի անդրադարձները հայերին:
Պրոֆեսոր Բերնդ Բրաունը Կարլ Լիբկնեխտի գործունեությունը կարևորեց նաև այն առումով, որ նա, լինելով հայերի բնաջնջման ծրագրի իրականացնող Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի Ռայխսթագի պատգամավոր, իր բողոքի ձայնն է բարձրացրել հենց Ռայխսթագում և փորձել է կանխել հայերի կոտորածները: