05.04.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պարոն Շալվա Պապուաշվիլին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: