05.05.2015
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի գործընկեր՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն:
Փարիզի սրտում՝ քաղաքապետարանի պատմական Օթել դե Վիլի (Hôtel de Ville) շենքում բարեկամ երկիրը հյուրընկալեց Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հավաքածուն:
Ապրիլի 28-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» ցուցադրության հանդիսավոր բացումը: Մեծաթիվ հյուրերին ողջունեց ու ելույթ ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինս տիկին քաղաքապետին հանձնեց նրա կողմից որպես ցուցադրության պաստառ ընտրված նկարի բնօրինակը` 1919 թվականին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից թողարկված պաստառը:
«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Փարիզի քաղաքապետարանին, նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեին և ներկայիս քաղաքապետ Աննա Իդալգոյին: Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը, ՀՑԹԻ բարերար և իմ բարեկամ Ջևան Չելոյանցին, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը:
Տիկի´ն Քաղաքապետ, այս ցուցադրության բացման կապակցությամբ թույլ տվեք Ձեզ նվիրել ցուցադրության պաստառի օրիգնիալը՝ ի նշան երախտագիտության»,-հայտարարեց Հայկ Դեմոյանը:
2000 հրավիրյալների մասնակցությամբ կայացած միջոցառմանը ներկա էին տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Շառլ Ազնավուրը, Փարիզում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, Ֆրանսիայի խորհրդարանի և տեղական խորհուրդների պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ։
Հայաստանի արտգործնախարարը և Փարիզի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ցուցահանդեսի հանձնակատար Ռայմոնդ Գևորգյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Փարիզի քաղաքապետարանի սրահներում ներկայացված ցուցահանդեսում, ծանոթացան ցուցանմուշներին։
Ցուցադրության պաշտոնական բացումից անմիջապես հետո Փարիզը ողողվեց ցուցադրության մասին ազդարարող գովազդային վահանակներով:
Ցուցադրության նախասրահում կա նաև գրառումների մատյան, որտեղ այցելուները հնարավորություն ունեն գրի առնել իրենց տպավորությունները:
«Սա պատմական իրադարձություն է: Այս ցուցադրությունը բացառիկ է լինելու և՛ մասշտաբներով, և՛ ներկայացուցչությամբ: Այն կապված է լինելու Հայոց ցեղասպանության, Առաջին աշխարհամարտի, և, իհարկե, հայ-ֆրանսիական հիշողության ու պատմության հետ:
Այո´, սա հիրավի բացառիկ իրադարձություն է թանգարանի համար: Գիտակցելով նման ցուցադրությամբ Փարիզում ներկայանալու կարևորությունը, մենք որոշեցինք Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացնել թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները, որոնք, վստահ եմ, մեծ հետաքրքրություն են առաջացնելու: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փարիզի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի 4-ը: Փարիզի քաղաքապետարանի՝ միաժամանակ երկու սրահներում ցուցադրվում են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Այս ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:
ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ներկայացվում են հենց Փարիզյան ցուցադրության ժամանակ: Հավաքածուում ընդգրկած են 1918 թվականին Կալիֆորնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և այլ բացառիկ նմուշներ: Ֆիլմը 1919 թվականին ցուցադրվել է նաև Փարիզի Սալ Գավո համերգասրահում: 1919 թ. Փարիզում ֆիլմի ցուցադրությունը գեղարվեստական մեծ ցերեկույթի մաս է կազմել, որը կազմակերպել էին հայասեր դքսուհի դը Ռոհանը և բարոնուհի Քոշենը: Ֆիլմը ցուցադրվել է բարեգործական նպատակներով, և ողջ հասույթը տրամադրվել է որբախնամ աշխատանքներին:
Դեռ 2014 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանեց Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը՝ պարոն Ժան Իվ Կամյուն: Պարոն Կամյուն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացավ 2015 թվականի ապրիլին Փարիզի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք ցուցադրության ցուցանմուշների հետ, որոնք ներկայացվելու էին Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահներում:
Ժան Իվ Կամյուն նշեց, որ «Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն և նրա իրավահաջորդը` Աննա Իդալգոն, որոշում են կայացրել, որ Փարիզի քաղաքապետարանը կհյուրընկալի Հայոց ցեղասպանության պատմությանն ու հիշողությանը նվիրված ցուցադրություն: Ցուցադրությունը կբացվի 2015 թվականի ապրիլին: Ցուցադրությունը կընդգրկի ցուցանմուշներ և փաստաթղթեր, որոնք կտրամադրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իրականացվում է սերտ համագործակցություն թանգարան-ինստիտուտի հետ»:
Այս ցուցադրության մեջ ներառված են նաև Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերի հավաքածուն, որոնք վերաբերվում են Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրներին, Եղեռնից փրկված գաղթականներին:
Փարիզի ցուցադրությունը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Ցուցադրությունում գործում է նաև գրքերի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակությունները:
2014 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդում միաձայն ընդունվել է 2015 թվականին Փարիզում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: