Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: ԱՄՆ Պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Պետքարտուղարին ներկայացրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին և նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:
Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվեց, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում:
Հայկ Դեմոյանն ամերիկյան պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից հանձնեց պատմական մեդալ` թողարկված Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգևատրելու համար: Պատվավոր հյուրին հանձնվեց նաև մի լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի /ներկայիս Գյումրիի/ ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ:
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի մեդալ
Ալեքսանդրապոլի /ներկայիս Գյումրիի/ ամերիկյան որբանոցի հայ որբերը`
կանգնած
«Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ
Լուսանկարը` արված 1920-ական թթ.