05.07.2022
Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար (փոխնախարար) Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նրանց ծանոթացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը: Էդիտա Գզոյանը ներկայացրեց նաև կարևոր փաստեր Հայոց ցեղասպանության պատմությունից:
Պարոն Սանջայ Վերման ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ Սանջայ Վերման ջրեց տարբեր տարիներին հնդիկ պետական գործիչների տնկած արծաթափայլ եղևնիները: