Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արևելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին և որպես կամավոր` ուղևորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին և որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse և այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին` իրազեկելով հասարակությանը խնդրին: 1922թ. անդամագրվելով Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա:
1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին «գյավուր Իզմիրը», որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն: Քաղաքում մեծ խուճապ բարձրացավ. հրդեհից փրկված քրիստոնյաները ապաստան էին որոնում եվրոպական և ամերիկյան հյուպատոսարաններում: Դեպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպությունները` Կարմիր խաչը, Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցը և այլն:
Հայտնվելով իրադարձություների կիզակետում` Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիվ Զմյուռնիայում հավաքագրում է հիմնականում իգական սեռի մինչև 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաև հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան: Այստեղ նա հիմնում է որբանոց` իր սաներին կրթելով և դաստիարակելով որպես իրական քրիտոսնյաների:
1923թ. Հունաստանի Գևորգ 2-րդ թագավորը նրան պաշտոնապես հրավիրելով թագավորական պալատ` պարգևատրեց «Փրկչի արծաթե խաչ» շքանշանով (Հունաստանի պետական բարձրագույն պարգևով): Այս շքանշանով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ կատարած հատուկ ծառայությունների համար հույն զինվորական և քաղաքացիական անձինք, նաև Հունաստանի համար հատուկ ծառայություններ մատուցած օտարերկացիները:
1924թ. նա մեկնում է Թուրքիա` զբաղվելով ուսուցչական գործունեությամբ: Թոշակի անցնելով` Սառա Քորնինգը վերադարձավ Չեգոգին` հայրենի բնակավայր, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջը` 1969թ.: Նա մահացավ 97 տարկան հասակում` իր կյանքը նվիրելով երեխաներին կրթելու և դաստիարակելու գործին:
Սառա Քորնինգի իրականացրած մարդասիրական գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ պահպանվում են միայն Յարմութի տարածքային թանգարանում և Քորնինգների ընտանեկան արխիվում: