05.11.2024
Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունները միտված են փաստագրելու և վերլուծելու 1915–1923 թթ. Օսմանյան կայսրության հայ բնակչության համակարգված ոչնչացումը: Այս գիտակարգի (Հայոց ցեղասպանագիտություն, եղեռնագիտություն) ակունքները հասնում են դեռևս զանգվածային կոտորածների ժամանակաշրջան, երբ հայ հետազոտողները, որոնցից շատերը վերապրողներ էին, սկսեցին վավերագրել Մեծ եղեռնը հուշագրությունների ու աղբյուրագիտական և փաստական արձանագրումների միջոցով:
Ինչպես երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո սփյուռքահայ հայրենակցական միությունները շարունակեցին այս աշխատանքը՝ ցեղասպանության մասին հիշողությունները վավերագրելով պատմագրքերում և հուշամատյաններում: 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան, 1960-ական թթ. Ազգային զարթոնքը, 1970–80-ականների բանավեճերը, Հոլոքոստի թեմայի ուսումնասիրությունների զարգացումը էլ ավելի նպաստեցին Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունների կայացմանը՝ որպես միջգիտակարգային հիմնարար ոլորտի:
Ներկայումս այս ոլորտի հետազոտողները ոչ միայն փաստում և վերլուծում են Հայոց ցեղասպանության՝ պատմական իրողություն լինելը, այլև ներգրավվում են առավել ընդգրկուն թեմաներում, որոնք առնչվում են հիշողությանը, արդարությանը, ժխտողականությանը, ազգային ու համաշխարհային նարատիվների վրա ցեղասպանության երկարաժամկետ ազդեցությանը և այլն:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին կազմակերպվող այս գիտաժողովը, հրավիրում է ոլորտի հետազոտողներին վեր հանելու Հայոց ցեղասպանագիտության ոլորտում առկա մարտահրավերները, ուղենշելու բացթողումներն ու ապագայում արվելիք ուսումնասիրությունների ուղղությունները: Գիտաժողովը միջգիտակարգային է և նպատակ ունի քննարկելու նաև Հայոց ցեղասպանության` պատմության, քաղաքականության, իրավունքի և այլ ուղղություններով արված հետազոտությունների ազդեցությունն ու ներդրումը ցեղասպանության և զանգվածային բռնությունների մասին ընկալումների ձևավորման վրա:
Ընդունվում են զեկուցումների հայտեր գիտակարգային մի շարք դիտանկյուններից՝ այդ թվում (և ոչ միայն).
• Հայոց ցեղասպանության պատմագիտական վերլուծություններ և հետևություններ ցեղասպանության և զանգվածային բռնությունների մասին ընդհանրական ընկալման համար
• Իրավական ոլորտ և ցեղասպանության ճանաչում` ներառյալ մարդու իրավունքներ և միջազգային արդարադատություն
• Հիշողության ուսումնասիրություններ և հիշատակման դերը ցեղասպանության պատումների կառուցման ու փոխանցման մեջ՝ ներառյալ ոգեկոչման արարողությունների փոփոխություններն աշխարհում
• Համեմատական ցեղասպանագիտություն, Հայոց ցեղասպանության թեմայի դիտարկումը պատմական և ժամանակակից այլ ցեղասպանությունների տիրույթում
• Քաղաքական խոսույթ, ճանաչում և ժխտում
• Սփյուռքի և սփյուռքահայ ինքնությունների ուսումնասիրություններ (հետցեղասպանական շրջան)
• Կրթական մոտեցումներ, ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման ռազմավարությունների շուրջ
• Ցեղասպանության հետազոտությունների նոր մեթոդաբանություններ և թվային հումանիտար գիտությունների կիրառում
• Հայոց ցեղասպանության թեմայի դրսևորումները մշակույթի զանազան բնագավառներում
Կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Անցկացման ժամանակը՝ մայիսի 29-31, 2025 թ.
Վայրը՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ (Հայաստան, Երևան)
Խնդրում ենք ուղարկել մասնկացության հայտերը հայերեն և անգլերեն (գիտաժողովի պաշտոնական լեզուներով) (
armeniangenocide110@genocide-museum.am) էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թ. հունվարի 30-ը: Հայտերը պետք է ներառեն վերնագիր, ամփոփագիր՝ առավելագույնը 500 բառի սահմանում, և համառոտ ինքնակենսագրական: