06.05.2025
2025 թ. ապրիլին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել է մի շարք ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.
• Ապրիլի 1-3-ը Արիզոնայի պետական համալսարանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Կանադայի Զորյան ինստիտուտի համագործակցությամբ Ցեղասպանության հիշողության (Genocide Awareness Week) շաբաթվա շրջանակում բացվեց «Կանայք և ցեղասպանությունը. հալածանքից մինչև զորացում» (Women and Genocide: From Persecution to Empowerment) խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են կանանց փորձառությունները Հայոց ցեղասպանության, Հրեից Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանության տարիներին։ Ցուցադրությունը կշրջի ԱՄՆ-ի Կանադայի, և Լատինական Ամերիկայի մի շարք քաղաքներում:
• Ապրիլի 11-ին Բուխարեստի ազգային թատրոնի շենքում բացվեց «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրությունը: Այն կազմակերպվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնի, Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայոց առաջնորդարանի, ինչպես նաև Բուխարեստի ազգային թատրոնի համագործակցությամբ։
• Ապրիլի 21-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի Հայոց ցեղասպանության 24-րդ ամենամյա հիշատակի միջոցառման շրջանակում Ալեքս թատրոնի բակում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցասրահում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մոլդովայի հայկական համայնքի համագործակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միշոցառման շրջանակում Քիշինևի կառավարական մեծ դահլիճի (Palatul Republicii) սրահում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը խոսքերով և պատկերավորմամբ» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 23-ին Մոսկվայի հայկական թանգարանում բացվեց «Հիշողության վերքեր. Հայոց ցեղասպանությունը խոսքերով և պատկերավորմամբ» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» մշակութային կենտրոնում բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած հիշատակի միջոցառման շրջանակում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը տեքստերում և լուսանկարներում» ցուցադրությունը:
• Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողության փառատոնի» շրջանակում Կրասնոդարի «Գրքերի տուն» արվեստի նստավայրում բացվեց «Հիշողության վերքեր. Հայոց ցեղասպանությունը խոսքերով և պատկերավորմամբ» խորագրով ցուցադրությունը:
• Ապրիլի 29-ին Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում բացվեց «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացվեց գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի՝ «Զեյթունի պաշտպանները․ տագնապալի լուսաբաց» (1988թ․) կտավը: Ցուցադրությունն ուղեկցվեց «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» թեմայով ենթախորագրային պաստառներով:
• Ապրիլի 30-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բացվեց «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրությունը: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համագործակցությամբ:
• Մայիսի 3-ին իտալական Սարդենիա կղզու Կալիարի քաղաքում, ՀՑԹԻ-ի և Associazione C.A.S.A.-ի համագործակցությամբ բացվեց «Հիշողության 110 տարիներ. Ձայներ, երաժշտություն և դիմադրություն» խորագրով ցուցադրությունը: