06.07.2022
ՀՑԹԻ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքում է նաև սեբաստացի Մարիցա Եղոյանցի կյանքի պատմությունը, որը գրի է առել նրա որդեգիր զավակը՝ Զիդալ Եղոյանցը:
Մարիցան ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի համանուն գավառի, Գոչկիրի գավառակի Քարհատ գյուղում: Նա մանկահասակ տարիքում կորցնում է հորը, և չորս երեխան էլ, այդ թվում՝ ինքը, մնում են տատիկի և մոր խնամակալության ներքո:
1915 թ. ամուսինը ծառայում էր Օսմանյան բանակում, երբ Մարիցան տեղահանվում է: Անցնելով գաղթի ճանապարհի՝ իրեն բաժին հասած դժվարություններն ու փորձությունները՝ կորցնում է հինգ երեխային, մորն ու տատին:
«Այս տեսարանը երբեք աչքիցս չի հեռանում. ծնողների ձեռքից վերցրեցին երեխաներին և շարեցին Եփրատի ափին: Ծնողները մոտ վազեցին դեպի երեխաները ես ևս: Վերցրին առաջին երեխային, ոտքերից բռնեց մեկը և պահանջեցին ոսկի. «չունեմ», եղավ մոր պատասխանը: Այդ պահին մյուսը հարվածեց սրով և գցեց ջուրը: Ինչպիսի աղմուկ, աղաղակ Աստված իմ...»:
Հաղթահարելով գաղթի ճանապարհը՝ հաստատվում է Բաղդադում: Մարիցան, տեղեկանալով, որ ամուսինը ողջ է և գտնվում է Կ.Պոլսում՝ 1922 թվականին, երբ ինքը 30-32 տարեկան էր, մեկնում է Կ.Պոլիս, որտեղ գտնում է ամուսնուն և որոշ ժամանակ մնում այնտեղ: Այնուհետև ինչ-որ ժամանակ ապրում է Բեյրութում, ապա՝ մեկնում Ֆրանսիա:
1929 թ. ամուսնու հետ տեղափոխվում է Հայաստան, որտեղ էլ մահանում է 1978 թվականին:
«Հոգեվարքի ժամանակ միայն կանչում էր Մանյակ և Թագուկ (այն երխաներին, որոնց ճակատագիրը հայտնի չէր իրեն), քանի որ Մանյակին տվել էր քրդերին, իսկ մյուսին թողել ճանապարհի ժառերի մեջ…», - գրում է որդեգիր զավակ Զիդալ Եղոյանցը:
Ձեռագիր հուշագրությունը, որը 2011 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել Աշոտ Աղայանը, պահվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական ֆոնդերում:
Քրիստինե Նաջարյան
ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու
Սեբաստիայի նահանգը 19-րդ դարի վերջին
Սեբաստիայի Արամյան վարժարանը
Սեբաստիայի համայնապատկերը