06.10.2022
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, պ.գ.թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը
Դպրոց՝ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջան, Բաղրամյանի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան
Հոկտեմբերի 5-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը:
ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը աշակերտներին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակագրությանը, ծրագրված բնույթին ու ցեղասպանությանը հաջորդած ժխտման քաղաքականությունը:
Սուրեն Մանուկյանն աշակերտներին ներկայացրեց ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար նաև անվտանգային բաղադրիչ ունի:
Դասախոսության բուն թեման աշակերտներին ներկայացվեց փոխներգործուն մեթոդով: Քննարկվեց նաև Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրիայի և Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը, ներկայացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի կարևորությունը:
Դասախոսության ավարտին բանախոսն անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին, նշելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ և դրա դեմ պայքարի ձևերից մեկն էլ կարող է լինել միջազգային տարբեր ատյաններում «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման կարևորությունը ներկայացնելը:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: