07.06.2017
Հունիսի 2-ին Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնսինյոր Ժան-Լուի Բրյուգեսը և Հռոմի Քահանայապետական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Հայր Ժորժ Անրի Ռույսեն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Վատիկանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։
Մոնսինյոր Ժան-Լուի Բրյուգեսը և Հայր Ժորժ Անրի Ռույսեն գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը և հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն» երախտագիտության ոսկե մեդալներ՝ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման և ճանաչման գործում ունեցած ավանդի համար: