07.08.2015
Օգոստոսի 4-ին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր ս.թ. ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում:
Բացման խոսքով հանդես են եկել Սլովակյան Ազգային ապստամբության թանգարանի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Միչևն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադարձել է ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին։ Դեսպան Սեյրանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Ազգային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ նոր հոդվածներ ավելացնելու համար:
Բացման արարողությանը մասնակցել են Բանսկա Բիստրիցայում Սլովակիայի Հանրապետության նախագահի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լիշկան, քաղաքապետ Յան Նոսկոն, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 30-ը: