07.08.2024
Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից են։ XIX դարավերջին և XX դարասկզբին ասորիները հիմնականում տեղաբաշխված էին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հաքյարիի գավառում, Դիարբեքիրի, Բիթլիսի, Խարբերդի նահանգներում, ինչպես նաև Հալեպի, Մոսուլի, Իրանի Ուրմիա և Սալմաստ շրջաններում։ Նշված տարածքներում ապրում էր շուրջ մեկ միլիոն ասորի ժողովուրդ՝ միասնական լեզվով, մշակութային և ազգային ավանդույթներով: Նրանք քաղաքական, ռազմական ու կրոնական առումներով ենթարկվում էին իրենց հոգևոր առաջնորդ՝ պատրիարք Մար-Շիմունին։
Առաջին աշխարհամարտի սկզբին զորահավաքի անվան տակ ասորի հազարավոր երիտասարդ տղաներ ներառվում են աշխատանքային գումարտակներում և հետագայում սպանվում։ Միաժամանակ սկսվում է ասորական գյուղերի ոչնչացումը, կանանց, ծերերի և երեխաների տեղահանումը Միջագետքի անապատ։ Ասորի աղջիկներն ու կանայք բռնի ուժով տարվում են թուրքական և քրդական հարեմներ։ Շատերին ստիպում են իսլամ ընդունել։ Որոշ վայրերում տեղի են ունենում դիմադրության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ չեն պսակվում։
Ասորիների կոտորածներ են իրագործվում նաև պատերազմի ընթացքում չեզոքություն հայտարարած Իրանի տարածքում: Օսմանյան բանակը, քուրդ ջոկատայինների աջակցությամբ մուտք գործելով սահմանային շրջաններ, կոտորում է տասնյակհազարավոր անմեղ ասորիների։ Առանձնապես տուժում են Ուրմիայի, Սալմաստի և Դիլմանի ասորիները, որոնց գյուղերը թուրքերն ու քրդերն ամբողջովին թալանում և հրդեհում են։ Միայն մի քանի հազար փրկվածների է հաջողվում գաղթել Անդրկովկաս:
Ասորիների կոտորածներ են իրագործվում նաև քեմալականների իշխանության շրջանում՝ 1919-1925 թթ.:
Ըստ տարբեր աղբյուրների՝ 1895-1925 թթ. ընկած ժամանակահատվածում թուրքական հալածանքների զոհ դարձած ասորիների թիվը կազմում է 500.000-750.000 մարդ:
Ասորիների կոտորածները լուսաբանվել են ժամանակի համաշխարհային մամուլում, արևմտյան դիվանագետների, միսիոներների և հումանիստների հուշերում ու փաստաթղթերում: Դրանք, սակայն, հետագայում երկար ժամանակ մոռացության մատնվեցին: Ասորիների ցեղասպանությունը ճանաչել են մի շարք երկրներ,(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը) և կազմակերպություններ (այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը):
Նկարում՝ Հյուսիսային Իրանից աքսորված ասորի քրիստոնյաներ, 1919 թ., Կոնգրեսի գրադարան, ԱՄՆ
Ասորի գաղթականներ Տյարիից և Թխումայից, Ուրմիայի մոտակայք, 1915 թ.
William Walker Rockwell, The Pitiful Plight of the Assyrian Christians in Persia and Kurdistan: Described from the Reports of Eye-Witnesses, New York, 1916
Ասորի կանայք լեռներով փախչելիս, 1915 թ.
Abraham Yohannan, The Death of a Nation or, the Ever Persecuted Nestorians or Assyrian Christians, New York, 1916
Բրիտանական իշխանությունների կառուցած գաղթականական ճամբարը Միջագետքում Դիյալա գետի ափին, Բաքուբա, 1920 թ.
Միացյալ Թագավորության Ազգային արխիվ
Ասորի գաղթական մայրը երեխաների հետ Հաքյարիից, 1915 թ.