Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների և այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:
Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:
Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարևորելով այսպիսի ցուցադրության կարևորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության և տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:
Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաև Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը:
Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին և կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու և սնունդ ապահովելու ուղղությամբ:
Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները և կարևորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել և հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել և սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերինե:
Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական և հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում և վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաև, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»:
Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին և, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը: