08.05.2015
Տեսարան Վանի հերոսամարտից. քաղաքի փողոցներից մեկում փորված հայկական խրամատը՝մարտերի ժամանակ: Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպվել է 1915 թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ քաղաքի 23 հազար հայ բնակչությանը, ինչպես նաև շրջակա գյուղերից այդտեղ եկած տասնյակհազարավոր հայ գաղթականներին վերահաս կոտորածներից փրկելու նպատակով: Շնորհիվ պարտադրված այս ինքնապաշտպանության՝ Վանի և շրջակա հայկական գյուղերի բնակչությունը փրկվեց արհավիրքից:
Լուսանկարը տպագրվել է ամերիկյան «The Literary Digest» թերթի 1915 թ. հոկտեմբերի 9-ի համարում: «Հայերի բնաջնջումը»վերնագրված հոդվածում զետեղված լուսանկարն ունի «Հանուն կյանքի մարտնչող հայերը» մակագրությունը:
1915 թ. ապրիլին թուրքական զորքը պաշարեց Վանը` կտրելով կապը քաղաքի Այգեստան և Քաղաքամեջ թաղերի միջև: Սակայն Վանի հայությունը շատ արագ կարողացավ կազմակերպված հավաքվել և դիմել ինքնապաշտպանության: Ստեղծվում է ինքնապաշտպանությունը ղեկավարող մարմին` ազգային գործիչ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 հայ տղամարդու դեմ կռվում էր թուրքական բանակի 12.000 զինվոր` չհաշված հայերի դիրքերի վրա գրոհող բիթլիսցի 500 քրդերին: Նահանգապետ Ջևդեթ բեյը, չնայած ունեցած գերակշիռ ուժերին և բազմաթիվ գրոհներին, չկարողացավ կոտրել հայերի հերոսական ոգին. հայերի դիրքերի վրա կատարվող գրոհները ձախողվում էին:
Մայիսի սկզբին հայ կամավորական ջոկատների և ռուսական բանակի առաջխաղացումը ստիպում է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը: Մոտ մեկամսյա դիմադրության հետևանքով հայերը տվեցին մոտ 350, իսկ թուրքերը` շուրջ 1000 զոհ:
Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Այն հնարավորություն տվեց ավելի քան 150.000 հայի կոտորածից փրկվելու:
«Եւ վերցուցինք զէնքը, կուրծք տալու համար թշնամի գնդակներուն ու ռումբերուն, որոնք կու գային վերջնական հարուածը հասցներու մեր ցեղի կորացած մէջքին, որոնք գետին ծռել կ'ուզէին ճակատը մեր երիտասարդութեան եւ քանդել ակնաղբիւրները վերածնուող մեր ցեղին: Եւ կուրծք տուինք մենք թշնամիի մոլեգին եւ ամբարտաւան ժեսթերուն ու յարձակումներուն եւ մեր հերոսական ու պատմական մարտնչումներու ընթացքին` ոչ մէկ տեղ եւ ոչ մէկ վայրկեան թշնամին չի տեսաւ մեր զինուորը պարտուած եւ մեր դիրքը լքուած»:
Վասպուրականի հայ ինքնապաշտպանության
զինվորական մարմին
մայիսի 6, 1915 թ.
Լուսանկարի աղբյուրը` «The Literary Digest», հոկտեմբերի 9, 1915 թ.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից