08.04.2017
Օրեր առաջ Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա միջոցառումը: Այն կազմակերպում են Ամերիկայի հայկական համագումարը, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն: Միջոցառմանը ներկա են եղել ամերիկյան բազմաթիվ կոնգրեսականներ, հայ համայնքի և հայկական կառույցների ղեկավարներ, դիվանագետներ:
Իր ելույթում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության պատմությունը պահպանելու կարևորությունը:
«Ցեղասպանությունները կանխելու հանձնառությունը մշտական մտահոգություն է, եւ Հայաստանի ժողովրդի համար կենսական նշանակություն ունի այն, որ Միացյալ Նահանգները կիսում են մեր արժեքները մարդու իրավունքների աղաղակող խախտումների սպառնալիքին դիմակայելու հարցում», - մասնավորապես ասել է ՀՑԹԻ տնօրենը:
Հայկ Դեմոյանը խոսել է նաև անկախության քառորդ դարի ընթացքում հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններից և նշել՝ առաջին հայը ամերիկյան մայրցամաք է եկել 400 տարի առաջ, նրան հենց այդպես էլ անվանել են՝ Մարտին Հայ։
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը
Կոնգրեսի անդամներ, պատվելի հոգևորականներ, տիկնայք և պարոնայք։
Այստեղ ելույթ ունենալու հրավերն ինձ համար մեծ պատիվ է։ Վերջին տասը տարիներին զբաղեցնում եմ Երևանում գործող Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Մեր կառույցը նաև պատասխանատու է Ծիծեռնակաբերդի ամբողջ հուշահամալիրի կառավարման համար՝ հուշահամալիր, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիներ ուխտագնացություն են կատարում` հիշելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին։
Որպես ողջ համալիրի տնօրեն` ես պատիվ ունեմ հյուրընկալելու Հայաստան այցելող բոլոր պաշտոնական պատվիրակություններին, ներառյալ՝ Երևանում բարձրաստիճան դիվանագիտական առաքելություններին, տարբեր երկրների նախագահներին, վարչապետներին, խորհրդարանների խոսնակներին։
Արդ, ես միշտ խորապես ազդվում եմ, երբ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները միանում են Երևանում ներկայացված երկրների պատվիրակություններին՝ ապրիլի 24-ին Երևանում հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ցեղասպանության զհերի հիշատակը:
Հայաստանում նշանակված բոլոր ԱՄՆ դեսպանները մասնակցել են այդ ոգեկոչմանը:
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը արդյունավետ համագործակցություն է հաստատել ԱՄՆ դեսպանատան հետ` ոչ միայն ԱՄՆ–ից պատվիրակություններ հյուրընկալելու, այլ նաև հիշատակի միջոցառումներ կազմակերպելու հարցում։
Նշեմ, մասնավորապես, վերջին մի քանի տարիների ընթացքում Կլարա Բարտոնին և Հենրի Մորգենթաուին նվիրված միջոցառումների անցկացումը։
Ցեղասպանություններ կանխարգելելու հանձնառությունը մշտական բնույթ ունի։ Այդ առումով Հայաստանի ժողովրդի համար կենսական և կարևոր նշանակություն ունի այն, որ Միացյալ Նահանգները կիսում են մեր արժեքները և մոտեցումները մարդու իրավունքների աղաղակող խախտումների սպառնալիքին դիմակայելու հարցում։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ։ Ուրախ եմ արձանագրելու, որ մենք համատեղ կազմակերպել ենք միջոցառումներ ի հիշատակ ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի, ով 1890-ական թթ. համիդյան կոտորածներից տուժած հայերին օգնելու ԱՄՆ-ում ծավալված մարդասիրական շարժման գլխավոր կազմակերպիչներից է:
Ի պատիվ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կազմակերպված համատեղ մեկ այլ միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին Երևան էին ժամանել նրա հետնորդներից շատերը:
Ես համոզված եմ, որ ԱՄՆ–ում Հայաստան Հանրապետության դեսպանը բազմաթիվ առիթներ է ունեցել իր երախտագիտությունը հայտնելու Հայաստանին առնչվող հարցերով զբաղվող ԱՄՆ կոնգրեսականների խմբին։ Սա ինձ համար ևս մի հնարավորություն է միանալու նրան` հատկապես շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի այն անդամներին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Խորապեսը գնահատում եմ այս գործում նրանց վճռականությունը։
Անկախ նրանից, թե դա Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձն է, թե ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների կողմից յուրաքանչյուր ապրիլին արվող հայտարարությունները, դրանք կարևոր հիշեցումներ են, որ ցեղասպանության խնդիրը շարունակում է մնալ մարդկության կարևորագույն հարցերից։
Ցեղասպանության հիշատակումը այդ ոճիրի կանխարգելման ձևերից մեկն է։
Մոռանալ անցյալը, հերքել փաստերը, աղավաղել պատմությունը` սրանք են այն բոլոր մեթոդները, որոնք ուղղված են մարդկության դեմ կատարված հանցագործությունների անպատիժ մնալուն և դրանով նման հանցագործությունների կրկնության համար նպաստավոր հող ստեղծելուն։
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ մեր թանգարանի նոր շենքում ստեղծվել է մի ազդեցիկ ցուցադրություն, որտեղ մասնավորապես ուղենշված են 1915-ի տեղահանության և կոտորածներին հանգեցրած իրադարձությունները։ Այնտեղ ներկայացված է վճռական գործելու հարցում միջազգային հանրության՝ իրար հաջորդած ձախողումների պատմությունը։
Այդ սարսափելի օրինակը մի դաս է, որ վաղ նախազգուշացումները պետք է լուրջ ընդունել: Համեմատաբար փոքր հանցագործությունների անտեսումը կամ ժխտումը միայն ճանապարհ է հարթում դեպի ավելի մեծ հանցագործությունների և ավելի մեծ թվով զոհերի:
Մեր թանգարանը նաև հարգանքի տուրք է մատուցում տարբեր երկրների այն բազմաթիվ հումանիտար գործիչներին, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայերին։
Ձեզ բոլորիդ հայտնի է Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը: Մենք Հայաստանում ևս լավ հիշում ենք այդ կազմակերպության կարևորության մասին։
Ի վերջո, այդ ժամանակ հենց Մերձավոր Արևելքի նպաստամատույցը ստեղծեց աշխարհում ամենամեծ մանկատունը իմ երկրում, իմ հայրենի քաղաք Գյումրիում, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ։
Այժմ` Հայոց ցեղասպանությունից հարյուր երկու տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է դիմակայել այդ սարսափելի իրադարձության երկարատև հետևանքներին։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք Սիրիայում՝ հատկապես Հալեպ քաղաքում, հայկական համայնքի բնաջնջմանը։
Հալեպի համայնքը ստեղծվել էր Հայոց ցեղասպանության փախստականների և վերապրածների կողմից, երբ նրանց արգելվեց վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր Թուրքիայի տարածքում։ Այժմ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով նրանք նորից փախստական են դարձել։
Բարեբախտաբար այժմ գոյություն ունի Հայաստանը, որտեղ նրանցից շատերը ապաստան և ջերմ ընդունելություն են գտել։
Հայաստանը նաև ընդունել է շատերին, ովքեր հետապնդումների են ենթարկվել իրենց սեփական երկրներում։ Միացյալ Նահանգները ցեղասպանություն է որակել այսպես կոչված «իսլամական պետության» բարբարոս ուժերի կողմից եզդիների նկատմամբ գործած դաժանությունները։ Իրաքից փախած եզդիներից շատերը ներկայումս ապահով ապրում են Հայաստանում։
Այնպիսի ողբերգական զարգացումները, ինչպիսիք ընթանում են Սիրիայում, մեզ շտապես հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը։ Հենց այդ պատճառով է, որ Արցախի ժողովուրդը պետք է պաշտպանված լինի բռնության սպառնալիքից։ Նրանք լիովին գիտակցում են այն վտանգները, որոնց կարող են առերեսվել սեփական պաշտպանությունը կազմակերպելու ունակ չլինելու դեպքում։
Կենսական կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության կրկնության բացառումը։
Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կնպաստի բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը վերջ կդնի մարդկային նոր կորուստներին։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ կոնգրեսում ելույթ ունենալու այս հատուկ պատվին արժանանալու համար։
Ես շնորհակալություն եմ հայտնում Կապիտոլիումի բլրի վրա հիշատակի այս միջոցառման կազմակերպիչներին և իմ խորին հարգանքն եմ արտահայտում Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների խմբին՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ նրանց նվիրվածության և բարեկամության համար։
Այս տարի լրանում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–րդ ամյակը։ Սակայն երկար ժամանակ է, ինչ հայերը ոտք են դրել ամերիկյան ափ։ Մյուս տարի` 2018-ին, լրանալու է Մարտին Հայ անունով հայտնի առաջին հայի՝ Ամերիկա` Վիրջինիա նահանգի տարածք մուտք գործելու 400–րդ ամյակը։
Ես անհամբեր սպասում եմ, որ մենք՝ հայերս և ամերիկացիները, միասին կնշենք պատմական այս կարևոր իրադարձությունը: