Ս. թ. հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ Արմենակ Հայկազյանի նահատակության 100-րդ տարելիցին: Նա ձերբակալվել էր քեմալական ուժերի կողմից 1921 թ. մայիսի 22-ին, աքսորվել, աքսորի ճանապարհին վարակվել բծավոր տենդով և բուժման միտումնավոր ուշացման պատճառով մահացել 1921 թ. հուլիսի 7-ին:
Արմենակ Հայկազյանի անունով է կոչվում Բեյրութի Հայկազյան համալսարանը:
Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Հայկազյան համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ, որոնց թվում էր նաև ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ կարևորելով և բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սերտ բարեկամությունն ու համագործակցությունը սփյուռքի կարևորագույն կրթօջախի՝ Հայկազյան համալսարանի հետ:
Ներկաներին Արմենակ Հայկազյանի կյանքի, գործունեության, ձերբակալման և մահվան մասին տեղեկություններ փոխանցեց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Ելույթի ընթացքում նա նշեց նաև, որ Արմենակ Հայկազյանը, որը սովորել էր Չիկագոյի և Եյլի համալսարաններում, «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է որպես Մերձավոր Արևելքի ամենաականավոր հայ մանկավարժ:
Միջոցառման ավարտին հյուրերը այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, ապա հնչեցրեցին այն տողերը, որոնք շուրթերին մահացել էր Արմենակ Հայկազյանը:
Փոլ Հայդոստյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին հանձնեց հոդվածների ժողովածու Արմենակ Հայկազյանի և Հայկազյան համալսարանի մասին: Հարություն Մարությանն էլ Հայկազյան համալսարանին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակությունները: