08.07.2024
Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հուլիսի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր' ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կապ Ֆրեդերիկսի ուղեկցությամբ։
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նիդերլանդներից ժամանած պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրենի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, սյնուհետև պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: