08.08.2015
1916 թ. հուլիսի 25-ին լոնդոնյան «The Times. History and Encyclopedia of the War» շաբաթաթերթում տպագրված այս լուսանկարում մուսալեռցիներն են՝ հավաքված Պորտ Սաիդի վրանաքաղաքում, կարմիր խաչով փրկության դրոշը բռնած: Այս դրոշն էր գրավել ֆրանսիացի նավաստիների ուշադրությունը, և հենց նրանք էլ օգնության հասան լեռան վրա շրջափակված հայերին:
1915 թվականին և հետագա տարիներին համաշխարհային և հայկական մամուլը բազմիցս անդրադարձավ մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանության և փրկության պատմություններին: Ֆրանսիական և բրիտանական պարբերականներում տպագրվեցին բազմաթիվ լուսանկարներ՝մուսալեռցիների փրկության և Պորտ Սաիդում հաստատվելու տեսարաններով: Դրանց թվում հատկանշական են փրկարար կարմիր խաչով և օգնության կոչով դրոշները, որոնք գրավել էին ֆրանսիացիների ուշադրությունը: Դրանցից մեկի վրա գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե´ք»:
Նկատելով դրոշները` ֆրանսիական ռազմանավերն օգնության են հասնում և ավելի քան չորս հազար հայի փրկում օրհասական մահից: Հերոսական ինքնապաշտպանության այս դրվագը հիմք դարձավ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպի համար:
«Ըստ Միացյալ Նահանգներ հասած տվյալների (այստեղ հայկական մեծ համայնք կա)՝ 450. 000 հայ է կոտորվել, 500.000-ը՝ ենթարկվել ծայրահեղ դաժան բռնությունների, հետապնդվել` վտանգի ենթարկվելով, սովի մատնվելով, ինչպես դա պատահեց Սիրիայի ափին խռնված այս խեղճ մարդկանց խմբի հետ, որոնք աջակցություն ստացան մեր նավերի կողմից»:
«I'llustration», հոկտեմբերի 9, 1915 թ.
Լուսանկարի աղբյուրը` «The Times. History and Encyclopedia of the War», հուլիսի 25, 1916 թ.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից