08.10.2016
Հոկտեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Տիկին քաղաքապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
Այցի ժամանակ տիկին Անն Հիդալգոյին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետերը, ֆրանսիական պատվիրակները, որոնք Ֆրանսիայում տարբեր կուսակցությունների և ֆրակցիաների անդամներն են, Փարիզի թաղամասերի պրեֆեկտները: Ֆրանսիայի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու քաղաքի տոնին նվիրված հանդիսություններին:
Հուշահամալիրի տարածքում Փարիզի քաղաքապետին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Տիկին Հիդալգոն ուղեկիցների հետ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, ծանոթացավ պատմական իրողությունների մանրամասներին ու վկայություններին, եղերական դեպքերին ու փրկության պատմություններին: Ի դեպ, դրանց մեջ է նաև մուսալեռցիների պատմությունը, որոնք փրկվեցին ֆրանսիացի ծովայինների և ֆրանսիական նավերի շնորհիվ:
Փարիզի քաղաքապետը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Գրառման մեջ ասված է.
«Պատմական իրողությունն ու մարդկային հիշողությունն են մարդկության պայմանը:
Երախտագիտությամբ խոնարհվում եմ՝
Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ»
Տիկին Հիդալգոն և ֆրանսիացի պատվիրակները մասնակցեցին ծառատունկի արարողության: Հուշահամալիրի Հիշողության պուրակում նրա անունով արծաթափայլ եղևնի տնկվեց:
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը Անն Հիդալգոյին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով, նվիրեց թանգարան-ինստիտուտի ֆրանսերեն հրատարակություններից, ինչպես նաև՝ ապրիլյան ծաղիկներից պատրաստված ծաղկաթերթի վրա տպված Երախտագիտության վկայագիր: