08.10.2024
Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։
Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:
Քանի որ ինչպես հուշահամալիրի կառուցման, այնպես էլ հետագա վերանորոգումների ժամանակ անտեսվել են ջրահեռացման խնդիրները, չի անցկացվել դրենաժային համակարգ, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:
Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։
Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն, որն եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: