08.11.2016
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նոյեմբերի 3-6-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցել է «Հիշելով խորհրդային բռնաճնշումները. 25 տարի անց» խորագրով սեմինարին:
Սուրեն Մանուկյանը հանդես է եկել «Ստալինյան բռնաճնշումներ. հիշողությունը և հիշատակումը Հայաստանում» խորագրով զեկուցումը, որի ընթացքում նկարագրել է Հայաստանում և մասնավորապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում թեմայի ներկայացման իրավիճակը:
Սեմինարը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչների նպատակն էր Խորհրդային կայսրության անկումից 25 տարի անց փորձել վիզուալիզացնել պատմությունը՝ ազդեցիկ շեշտ դնելով խորհրդային բռնաճնշումների վերաբերյալ տեղեկատվության տարածման անհրաժեշտության մասին:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների թանգարանների և գիտահետազոտական հաստատությունների աշխատակիցներ, որոնք ներկայացրեցին իրենց երկրներում և թանգարաններում ողբերգական անցյալի հետ կապված նյութի ներկայացման ձևերը և հնարավորությունները։